Ընտրական իրավունք

Ընտրական իրավունքը անձի քաղաքական իրավունքներից է: Մարդու քաղաքական իրավունքներն ու 

ազատությունները կազմում են նրա սահմանադրական իրավունքների ու ազատությունների մի խումբը` անձնական, սոցիալական, տնտեսական և մի քանի այլ իրավունքների հետ: Քաղաքական իրավունքներն ու ազատությունները քաղաքացիներին հնարավորություն են տալիս մասնակցելու երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Հենց դրանով է պայմանավորված քաղաքացիներին վերապահված ընտրելու իրավունքի իրականացման կարևոր նշանակությունը, քանի որ դրա միջոցով նրանք մասնակցում են պետության կառավարմանը:Ընտրական իրավունքը կարևոր նշանակություն ունի տվյալ երկրում ժողովրդի կողմից իշխանություն ձևավորելիս և այն իրացնելիս: Ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունը չի կարող իրականացնել այլ կերպ, քան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, որոնց ձևավորմանը մասնակցելու ամենաարդյունավետ միջոցը ընտրություններն են: Ընդ որում` քաղաքացին պետք է հնարավորություն ունենա ոչ միայն ընտրելու այդ մարմիններում իր ներկայացուցիչներին, այլև ընտրվելու և այդ կերպ իրացնելու իրեն պատկանող իշխանությունը: Ժողովրդի կողմից իրեն պատկանող իշխանության իրագործման նպատակով` պետության հիմնական օրենքում և այլ օրենքներով ամրագրվում են քաղաքացիների ընտրական իրավունքը, սահմանվում դրա արդյունավետ իրականացման նախադրյալները:

Մարդկությունը մշտապես որոնել է այն ուղիները, որոնք հնարավորություն կտային, որ ժողովուրդը որոշակի մասնակցություն ունենա պետական մարմինների ձևավորմանը: Այդ որոնումների արդյունքում սկսեցին ձևավորվել ժողովրդավարության նախնական պատկերացումները: Վաղ շրջանի Եվրոպայում ձևավորված հանրապետությունները հանդես էին գալիս 2 ձևով` արիստոկրատական, որոնցից էին, օրինակ, Սպարտան, Հին Հռոմը, և ժողովրդավարական, որոնցից էին հին հունական քաղաք-պետությունները, մասնավորապես` Աթենք։

Իշխանության ձևերը

Իշխանություն, հեղինակություն, իրավավարչական կամ քաղաքական միավոր։ Որպես հեղինակություն առաջանալով մարդկային հասարակության արշալույսին՝ հասարակական արտադրությունը կազմակերպելու նպատակով ձգտել է իր կամքին ենթարկել, կարգավորել ու կառավարել հասարակության անդամների գործողություններն ու փոխհարաբերությունները։ Անընդհատ զարգացել ու շարունակում է կատարելագործվել։ Մինչև դասակարգերի ու պետության առաջացումը կրել է հասարակական բնույթ՝ չունենալով հասարակությունից վեր կանգնած մարմիններ։ Իշխանությունը ներկայացրել են տոհմացեղային ընտրովի ավագները՝ առաջնորդները։ Դասակարգերի ծագումը, քայքայելով տոհմացեղային արյունակցական կապերը, առաջնորդների բարոյական հեղինակությունը փոխարինել է համընդհանուր հեղինակության իշխանությամբ, որն արդեն առանձնացել, վեր է կանգնել հասարակությունից, ընդունել դասակարգային բնույթ և աստիճանաբար դարձել ժառանգական։ ժառանգականությունը սակայն վերացվել է կապիտալիստական հասարակությունում, որում բուրժուազիանհաստատել է իր տիրապետությունը։ Դասակարգային հասարակարգերում իշխանությունները հանդես են եկել տարբեր ձևերով ու անվանումներով (իշխանական դքսություն, հերցոգություն, թագավորություն, խանություն, կայսրություն, հանրապետություն) և այժմ էլ հարատևում են նույն կամ նոր տարատեսակներով ու անուններով՝ միշտ արտահայտելով իշխող խավերի շահերը։

Պետության ձևրը

Պետության ձև, ըստ պետության և իրավունքի տեսության՝ գործնականում քաղաքական նշանակություն ունեցող կառուցվածքային տարր, պետության ներքին կառուցվածքի որոշակի մոդել, որը ներառում է պետական իշխանության մարմինների կազմակերպման ձևը, տարածքի կառուցվածքային առանձնահատկությունները և իշխանության իրականացման մեթոդները։ Այդ իմաստներով բնորոշվում է պետության կառավարման ձևը, պետության կառուցվածքի ձևը և պետաիրավական ռեժիմը[1]։

Վերոնշյալ չափանիշների ուսումնասիրության արդյունքում ի հայտ են գալիս արտաքին հատկանիշներ, որոնցով պայմանավորված դասակարգվում են աշխարհի պետությունները։ Պետության ձևից է կախված պետական կառավարման արդյունավետությունը, իշխանության և հասարակության կայունությունը, քանի որ պետության ձևը, ինքնին, պայմանավորված է քաղաքական փոխզիջմամբ։ Պետության ձևը օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ գործոններով պայմանավորված ժամանակի ընթացքում կրում է բովանդակային և գործառնական փոփոխություններ։ Պետության ձևն իր վերջնական տեսքով ձևավորվում է տնտեսական, հասարակական, պատմական, ազգային, մշակութային և այլ գործոններով պայմանավորված։ Պետաիրավական երևույթների աստիճանական զարգացման ընթացքում տարբեր ժամանակամիջոցներում պետության ձևի մասին արտահայտվում են բազմաբովանդական մտքեր։ Ըստ հռոմեական շրջանի հույն պետական գործիչ Պոլիբիոսի՝ պետականության ծագումն ու հետագա փոփոխությունը, ինքնին, այսպես կոչված «բնության օրենքով» պայմանավորված գործընթաց է, որը չունի տրամաբանական եզրակետ։

Քաղաքագիտության ուսումնասիրման նպատակը

Քաղաքագիտության առարկայի, նրա բովանդակության վերաբերյալ գիտական գրականության մեջ գոյություն ունեն տարբեր կարծիքներ։ Բանն այն է, որ այդ առարկան համեմատաբար նոր ձևավորված սոցիալական գիտության ճյուղերից է, իսկ մի շարք երկրներում նրա վերջնական կայացման գործընթացը դեռևս չի ավարտվել։ Գիտական գրականության մեջ քաղաքական գիտության առարկան դիտարկվում է լայն և նեղ իմաստով։ Լայն առումով քաղաքական գիտությունը ներառում է քաղաքական հարցերի այն շրջանակները, որոնք քննարկվում են քաղաքական փիլիսոփայության, քաղաքական սոցիոլոգիայի, քաղաքական հոգեբանության և հարակից այլ գիտությունների կողմից։ Նման մոտեցումը ցույց է տալիս, որ քաղաքական գիտությունը բացահայտում ու հետազոտում է քաղաքական իրականության ոչ միայն առանձին կողմերը, այլև քաղաքական հարաբերությունների ամբողջ հատվածը։ Սա դրական է այն առումով, որ նման մոտեցումը հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել հասարակության քաղաքական կյանքի մասին։ Սակայն նման դեպքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ հարցականի տակ է դրվում բուն քաղաքագիտության, որպես ինքնուրույն գիտության գոյությունը։ Ուստի անհրաժեշտ է նշել, որ միևնույն օբյեկտը, որպես իրականության մի մաս, կարող է ուսումնասիրվել մի շարք գիտությունների կողմից։ Առարկան օբյեկտի որպիսությունն է, առանձնահատկությունը, նրա հատկանիշների ամբողջությունը։ Օբյեկտը մեզնից և մեր գիտակցությունից անկախ արտաքին աշխարհի գոյ է։ Օբյեկտի հետազոտության ժամանակ յուրաքանչյուր առարկա հետապնդում է իր նպատակը, իր ոճով, հետազոտության մեթոդներով ընդգծում օբյեկտի էական հատկանիշները, բացահայտում ու վերլուծում իրեն հետաքրքրող հիմնախնդիրները։

Նեղ մասնագիտական առումով քաղաքական գիտության առարկան քաղաքական իշխանության լինելիության ու զարգացման օրինաչափությունն է, որը նախ ուսումնասիրում է.

  1. մարդու և հասարակության փոխհարաբերությունների քաղաքական ոլորտը որպես հիմնական, առանձին օբյեկտ։
  2. քաղաքագիտությունը ուսումնասիրում է հասարակության քաղաքական կյանքի ոչ միայն առանձին կողմերը, այլև քաղաքական համակարգն ամբողջությամբ։
  3. որպես գլխավոր առարկա, ուսումնասիրում է քաղաքականության հիմնական հարցի՝ իշխանական հարաբերությունների օրինաչափությունները։

Ընդհանուր առմամբ քաղաքագիտության կողմից ուսումնասիրվող օրինաչափությունները բաժանվում են երկու խմբի։

  1. քաղաքականությունը որպես հասարակական կյանքի համեմատաբար ինքնուրույն բնագավառ, նրա կառուցվածքային տարրերը, դրանց ներքին կապերը, քաղաքական շահերի և պահանջմունքների վերարտադրման գործընթացները և այլն
  2. քաղաքականության և տնտեսության, քաղաքականության և մշակույթի, քաղաքականության և իրավունքի, քաղաքականության և հասարակական այլ երևույթների միջև եղած կապերն ու օրինաչափությունները։

Ինչ է քաղաքագիտությունը


Քաղաքագիտությունը դա՝ գիտություն է քաղաքականության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։ Այդ մասին նշվում է Արիստոտելի «Պոլիտիկա» աշխատության մեջ, որը նվիրված է հին հունական 100-ից ավելի քաղաք-պետությունների հասարակական կյանքի ուսումնասիրությանը։