Քաղաքագիտության ուսումնասիրման նպատակը

Քաղաքագիտության առարկայի, նրա բովանդակության վերաբերյալ գիտական գրականության մեջ գոյություն ունեն տարբեր կարծիքներ։ Բանն այն է, որ այդ առարկան համեմատաբար նոր ձևավորված սոցիալական գիտության ճյուղերից է, իսկ մի շարք երկրներում նրա վերջնական կայացման գործընթացը դեռևս չի ավարտվել։ Գիտական գրականության մեջ քաղաքական գիտության առարկան դիտարկվում է լայն և նեղ իմաստով։ Լայն առումով քաղաքական գիտությունը ներառում է քաղաքական հարցերի այն շրջանակները, որոնք քննարկվում են քաղաքական փիլիսոփայության, քաղաքական սոցիոլոգիայի, քաղաքական հոգեբանության և հարակից այլ գիտությունների կողմից։ Նման մոտեցումը ցույց է տալիս, որ քաղաքական գիտությունը բացահայտում ու հետազոտում է քաղաքական իրականության ոչ միայն առանձին կողմերը, այլև քաղաքական հարաբերությունների ամբողջ հատվածը։ Սա դրական է այն առումով, որ նման մոտեցումը հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել հասարակության քաղաքական կյանքի մասին։ Սակայն նման դեպքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ հարցականի տակ է դրվում բուն քաղաքագիտության, որպես ինքնուրույն գիտության գոյությունը։ Ուստի անհրաժեշտ է նշել, որ միևնույն օբյեկտը, որպես իրականության մի մաս, կարող է ուսումնասիրվել մի շարք գիտությունների կողմից։ Առարկան օբյեկտի որպիսությունն է, առանձնահատկությունը, նրա հատկանիշների ամբողջությունը։ Օբյեկտը մեզնից և մեր գիտակցությունից անկախ արտաքին աշխարհի գոյ է։ Օբյեկտի հետազոտության ժամանակ յուրաքանչյուր առարկա հետապնդում է իր նպատակը, իր ոճով, հետազոտության մեթոդներով ընդգծում օբյեկտի էական հատկանիշները, բացահայտում ու վերլուծում իրեն հետաքրքրող հիմնախնդիրները։

Նեղ մասնագիտական առումով քաղաքական գիտության առարկան քաղաքական իշխանության լինելիության ու զարգացման օրինաչափությունն է, որը նախ ուսումնասիրում է.

  1. մարդու և հասարակության փոխհարաբերությունների քաղաքական ոլորտը որպես հիմնական, առանձին օբյեկտ։
  2. քաղաքագիտությունը ուսումնասիրում է հասարակության քաղաքական կյանքի ոչ միայն առանձին կողմերը, այլև քաղաքական համակարգն ամբողջությամբ։
  3. որպես գլխավոր առարկա, ուսումնասիրում է քաղաքականության հիմնական հարցի՝ իշխանական հարաբերությունների օրինաչափությունները։

Ընդհանուր առմամբ քաղաքագիտության կողմից ուսումնասիրվող օրինաչափությունները բաժանվում են երկու խմբի։

  1. քաղաքականությունը որպես հասարակական կյանքի համեմատաբար ինքնուրույն բնագավառ, նրա կառուցվածքային տարրերը, դրանց ներքին կապերը, քաղաքական շահերի և պահանջմունքների վերարտադրման գործընթացները և այլն
  2. քաղաքականության և տնտեսության, քաղաքականության և մշակույթի, քաղաքականության և իրավունքի, քաղաքականության և հասարակական այլ երևույթների միջև եղած կապերն ու օրինաչափությունները։

Оставьте комментарий